Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
ՍԻՄ կուսակցություն - Լուրեր
Ուրբաթ, 15 Մայիս 2015 17:49

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ `ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Օրերս ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նամակով դիմել է Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրական դատարանի նախագահ,Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանին, ներկայացնելով «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության  դիտարկումները`  Հայաստանի Հանրապետության  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Միաժամանակ ՍԻՄ նախագահը հայտնել է ՍԻՄ կուսակցության պատրաստակամությունը` ակտիվորեն ներգրավվել  սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

 

 

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ `

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Իր դիտարկումներում ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի (հետագայում` Հայեցակարգ) վերաբերյալ ՍԻՄ-ը հիմնվում է.

ա) 1992թ. որպես կուսակցության ծրագրային փաստաթուղթ հրապարակված  ՀՀ Սահմանադրության նախագծի վրա, որը մշակվել եւ առաջարկվել է ՍԻՄ կուսակցության կողմից.

բ) 1993թ. հրապարակած  «վեցյակի» (վեց կուսակցություններ, այդ թվում` ՍԻՄ) ՀՀ Սահմանադրության նախագծի վրա («Հայաստանի Հանրապետություն» 16 սեպտեմբերի 1993թ.):

Հայեցակարգի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացնելիս ՍԻՄ-ը ելնում է հետեւյալ  գնահատականներից.

ա) Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ հարաբերությունների մեջ` իր երկու հարեւանների հետ` Ադրբեջանի եւ Թուրքիայի: Այդ իրավիճակը ցանկացած պահի կարող է վերաճել  պատերազմի: Զուգահեռաբար` վերոհիշյալ երկու պետությունները Հայաստանի դեմ իրականացնում են լայնածավալ ինֆորմացիոն պատերազմ: Հետեւաբար, եվրոպական  արժեքային համակարգի դրույթները, որոնք եթե անգամ չեն հակասում հայ ազգի արժեհամակարգին ու քրիստոնեական բարոյականությանը, ոչ միշտ են կիրառելի  հայկական իրականության մեջ` թուրք-ադրբեջանական ռազմական սպառնալիքների եւ ինֆորմացիոն պատերազմի դեպքում:

բ) 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո եւ  առավելապես 2014թ.  Ղրիմի ինքնորոշումից եւ ՌԴ-ին վերամիավորվելուց հետո  համաշխարհային իրավիճակը ամբողջությամբ փոխվել է: Միաբեւեռ աշխարհն իր տեղը զիջել է բազմաբեւեռ համակարգին: Ընդ որում, բեւեռների միջեւ հարաբերությունները սրընթաց լարման տենդենց ունեն: Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական անվտանգությունը, տնտեսական զարգացումը, քաղաքական, աշխարհայացքային, արժեհամակարգային առումներով ներկայումս եւ մոտ ապագայում տեսնում է  ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի  շրջանակներում: Հետեւաբար,  ներկա հակադրվածության պայմաններում  Հայաստանը պետք է շարունակի պահպանել իր դրական հարաբերությունները` Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, սակայն դրանք չպետք է որեւէ կերպ հակասեն կամ խոչնդոտեն Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին` Ռուսաստանի հետ լայնածավալ ռազամավարական  հարաբերությունների զարգացմանը:

գ) Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի  բարդությունները, գործազրկության, աղքատության բարձր մակարդակը, տնտեսության կարեւորագույն ցուցանիշների ոչ բարվոք լինելը, որպես  առաջնային խնդիր  ի հայտ են բերում սոցիալ-տնտեսական խնդիրների  լուծումը  և տնտեսության համակարգի ռազմավարական զարգացման  անհրաժեշտությունը: Հետեւաբար, ՀՀ Սահմանադրությունը  պետք է նպատակաուղղված լինի այդ առաջնային խնդիրների լուծմանը:

դ) Դատական իշխանությունը եւ իրավապահ համակարգը ՀՀ-ում գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում: Հետեւաբար, այս ոլորտում անհրաժեշտ են լայնածավալ բարեփոխումներ:

ե) Ազգային արժեհամակարգի, ինքնության, դրանց վրա հիմնված կրթության, մշակույթի, հասարակական փոխհարաբերությունների զարգացումը ներկայիս ժամանակաշրջանին բնորոշ կարծր տեղեկատվական, քաղաքական  ու սոցիալական ճնշումների պարագայում ձեռք են բերում  պետության անվտանգության եւ հայ ազգի ինքնապահպանման նշանակություն: Հետեւաբար` Սահմանադրական բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն նաեւ այդ  կենսական խնդիրների լուծմանը:

Ելնելով վերոհիշյալից` ՍԻՄ կուսակցությունը ներկայացնում է հետեւյալ դիտարկումները.

1) բաժնի 2-րդ կետում  խոսելով  մարդու իրավունքների սահմանափակումներից, նշված է, որ դրանք «պետք է բխեն միջազգային իրավունքի նորմերից»: Կարծում ենք, որ սահմանափակումները պետք է  բխեն նաեւ պետության անվտանգության, ազգային արժեհամակարգի  պահպանության եւ այլ մարդկանց  իրավունքների  պաշտպանության  անհրաժեշտությունից: Նույն դիտարկումը վերաբերում է 2.2 բաժնի 3-րդ կետին:

2) Մարդու իրավունքների  անմիջական գործողության ապահովման ընթացքում  չի կարող խախտվել  քաղաքացիների հավասարությունը` երկրի հանդեպ պարտավորությունների առումով, ելնելով այս կամ այն չափանիշից: Մասնավորապես`  վերջին շրջանում  կրոնական փոքրամասնությունների` զինվորական ծառայությունից ազատվելով եւ այն փոխարինելով այլընտրանքային ծառայության,  պարտականությունների առումով վերջիններիս համար ստեղծվում են ոչ հավասար պայմաններ`  պետության  նկատմամբ ծառայություն իրագործելիս:

3) 2-րդ բաժնի 2.3 ենթաբաժնում  նախանշվում է, որ ՀՀ տնտեսությունը պետք է լինի <շուկայական>: Վերոհիշյալ  եզրույթը ժամանակակից տնտեսագիտական տեսություններում  ոչ միանշանակ է մեկնաբանվում: Հետեւաբար ցանկալի է զերծ մնալ այդպիսի բնորոշումներից: Սոցիալական  պետությունում անհատների միջեւ անհավասարությունը  ծագում է ոչ միայն շուկայական  տնտեսական գործունեության մեջ իրենց գործողությունների հետեւանքով, այլեւ` առողջական, բնակլիմայական եւ այլ պատճառներով, ինչի մասին նշված չէ 2.3 կետում:

4) 2.4 բաժնի «Առկա խնդիրները»  ենթաբաժնում պետք է հատուկ ուշադրություն դարձվի պետական իշխանության մարմինների այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում ՀՀ Սահմանադրությունից, ինչպես օրինակ` իշխանության մարմինների արտաբյուջետային ֆոնդերի առկայությունը, դրանց ձեւավորման ուղիները կամ  արտադատարանական կարգով ՀՀ քաղաքացիների հանդեպ  վարչական տուգանքներ եւ տույժեր սահմանող  բազմաթիվ մարմինների առկայությունը:

Պետք է նշել, որ պետական կառավարման համակարգում ձեւավորվել են բազմաթիվ «ավելորդ» մարմիններ, որոնք  խժռելով հսկայական բյուջետային միջոցներ` իրականում որեւէ կերպ չեն բարելավում ժողովրդի  վիճակը: Այդպիսի մարմինները շատ անգամ իրենց գործառույթներով կրկնօրինակում են  այլ պետական մարմիններ: Առանձնահատուկ  խնդիր է իշխանության  համակարգում  բազմաթիվ «անկախ» մարմինների (հանձնաժողովների) անվերահսկելի  գործունեությունը եւ ոչ հաշվետու լինելը:

5) 2.4.2 ենթաբաժնի 2-րդ կետում  խոսք է գնում միայն քաղաքական  համակարգի մասին: Այն դեպքում, երբ մեր կարծիքով խնդիրը քաղաքական-հասարակական համակարգի մասին պետք է գնա, քանի որ  բազմաթիվ  հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, կրոնական կազմակերպություններ, ինչպես նաեւ զանգվածային կոմունիկացիաների դասին  պատկանող  միջոցներ ազդում են երկրի քաղաքական-հասարակական համակարգի բնականոն կայացման վրա: Եվ ոչ միայն  կուսակցությունները, այլեւ վերոհիշյալ կազմակերպությունները պետք է գործեն ֆինանսական եւ կազմակերպչական թափանցիկության ու հրապարակայնության սահմանադրական պահանջի ներքո:

6) Թեեւ Հայեցակարգում երկու անգամ «խորհրդային մտայնությունը» նշված է որպես բացասական երեւույթ, պետք է նշել, որ թեեւ այդ մտայնությունը որոշ հատվածներում ունեցել է  բացասական հետեւանքներ, միաժամանակ մի շարք այլ հարթություններում տվել է դրական արդյունքներ: Բացի այդ,  ցանկացած ժողովրդի  հասարակական գիտակցությունը  ձեւավորվում է իր անցած  ուղուց ելնելով: Եվ իր ազդեցությունն է ունենում երկրի ներկայի եւ ապագայի վրա: Հետեւաբար խնդիրը պետք է դրվի ոչ թե «խորհրդային մտայնությունից» կտրուկ հրաժարվելը, այլ  այդ մտայնությամբ  ձեւավորված եւ իներցիայի ուժով  գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների մեջ առկա  դրվագներն օգտագործել`  դրական արդյունքներ ստանալու ուղղությամբ:

7) Ներկայումս դատական իշխանությունը  որեւէ կերպ հաշվետու չէ  հասարակության  առջեւ, ինչը բերել է այդ համակարգում բացասական երեւույթների արմատավորմանը: Հայեցակարգում նշվում են որոշ պատճառներ, որոնց հետեւանքով ցածր է հանրային վստահությունը դատարանների հանդեպ: Սակայն այդ պատճառների մեջ նշված չէ վերահսկողությունից ու հաշվետու լինելուց դատական համակարգի ամբողջությամբ դուրս լինելը: Առավել վտանգավոր են  այն դեպքերը, երբ  դատարանները սերտաճում են փաստաբանական, դատախազական կամ բիզնես շրջանակների հետ: Որպես տենդենց` նկատվում է դատարանների կախվածության աճը դատարանների նախագահներից, իսկ ամբողջ դատական համակարգի կախվածությունը` Վճռաբեկ դատարանի նախագահից: Ըստ Հայեցակարգի` նշվում է, որ  «դատարանները հաշվետու կլինեն միայն  օրենքի առջեւ»: Սակայն ճիշտ կլիներ, որ դատական իշխանությունը  չկորցնելով իր անկախությունը, այնուամենայնիվ, հաշվետու եւ վերահսկելի լիներ  Ազգային ժողովի կողմից: Օրինակ` կիրառվեին այնպիսի հաշվետվության ձեւեր. ինչպես  տարեկան հաշվետվություն կամ վերահսկողության այնպիսի ձեւեր, ինչպես` հարց ու պատասխան ՀՀ ԱԺ-ում:  Հայեցակարգում  նշված «ներքին անկախությամբ օժտված համակարգի  ձեւավորման» խնդիրը պետք է լուծվի ձեւավորված ու շատ անգամ բացասական  հարաբերությունները հաշվի առնելով: Ինչ վերաբերում է եռաստիճան կամ երկաստիճան դատական համակարգին, ապա համոզված ենք, որ արդարադատության եւ դատական պաշտպանության մատչելիությունը, խնայողականությունն ու արագությունը խոչընդոտվում են եռաստիճան համակարգի  պարագայում: Գտնում ենք նաեւ, որ երդվյալ ատենակալների ինստիտուտի ստեղծումը դրական ազդեցություն կթողնի  դատական համակարգի վրա:

Հայեցակարգում որեւէ խոսք չի գնում դատախազության մասին: Այն դեպքում, երբ այդ կառույցի  վերաբերյալ նույնպես անհրաժեշտ են բարեփոխումներ, առավելեւս, որ ՀՀ-ում ձեւավորվել են մի շարք քննչական մարմիններ` քննչական կոմիտե, հատուկ քննչական ծառայություն, քննչական գործառույթներով են օժտված ՊՆ-ն, Ֆիննախը, ԱԱԾ-ն եւ այլն:

8) 2.6.3 ենթաբաժնում նշվում է, որ բարեփոխման արդյունքում  կավելանան սահմանադրական  մարմինները: Կարծում ենք, որ այս դրույթը հակասում է պետական իշխանության արդյունավետության եւ խնայողականության սկզբունքներին:

9) 2.6.4 կետում  առաջարկվում է նախադրյալներ ստեղծել  միջազգային քրեական դատարանի  կանոնադրության վավերացման համար: Կտրականապես  առարկում ենք այս կետի վերաբերյալ, հաշվի առնելով, որ այն  խիստ նվազեցնում է երկրի ինքնիշխանությունը, ավելացնում է երկրի եւ նրա առանձին  պետական ու քաղաքական գործիչների վրա արտաքին ճնշման հնարավորությունը, հակասում է ներկայումս ստեղծված միջազգային իրավիճակում մեր երկրի արտաքին քաղաքական  կուրսի իրագործմանը:

10) Հայեցակարգի 2.7 բաժնում առաջարկվում է հանրաքվեի դնել  այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, երբ ենթադրվում են երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումներ: Պետք է նշել, որ ըստ էության,  գրեթե ցանկացած միջազգային պայմանագիր ենթադրում է  որոշակի  պարտավորությունների ստանձնում երկրի կողմից, ինչն իր հերթին հանդիսանում է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակում: Հետեւաբար, սույն ձեւակերպումը  անհրաժեշտություն ունի հստակեցման, քանի որ  ոչ հստակ ձեւակերպման պայմաններում  այն կարող է խոչընդոտել  Հայաստանի  արտաքին քաղաքական զարգացումներին եւ միաժամանակ  հանգեցնել բազմաթիվ հանրաքվեների, ինչն իր հերթին բացասական հետեւանքներ կունենա բյուջետային ծախսերի առումով:

11) Հայեցակարգի 2.8 բաժնում  չի խոսվում վարչական բաժանման առումով բարեփոխումների անհրաժեշտության մասին, սակայն  մեր կարծիքով որոշ դեպքերում ներկայիս վարչական բաժանումն ստեղծում է խնդիրներ` ինչպես կառավարման, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար:

12) 2.9 բաժնում  նշվում է Հանրային խորհրդի  դերակատարման մասին: Սակայն  Հանրային խորհրդի ներկայիս դերակատարությունը, երբ այն արտահայտում է որոշ հասարակական կազմակերպությունների եւ անհատների դիրքորոշումը,  խիստ անբավարար է: Մեր կարծիքով  Հանրային խորհուրդը պետք է վերածել Ազգային խորհրդի եւ նրա մեջ ընդգրկել ոչ միայն ՀՀ հասարակական, քաղաքական ու կրոնական հատվածները, այլեւ՝ Սփյուռքի գաղութներ, Արեւմտյան Հայաստանի նահանգների  հայրենակցական միությունների, Արցախի ու Ջավախքի լիազոր ներկայացուցիչներին:



ՍԻՄ նախագահություն

Նախագահ                                                                                        Հ.Բաբուխանյան

05.05.2015թ.