Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Երեքշաբթի, 01 Սեպտեմբեր 2015 15:08

ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՉԻ ՎԱՌՎԻ.

"ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ"

 

Ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովի մասնագետները մի շարք առաջարկներ են ներկայացրել սահմանադրական բարեփոխումների նախագիծը կատարելագործելու եւ եվրոպական չափորոշիչներին ավելի
համահունչ դարձնելու համար: 
Առաջարկների մոտ 30 էջանոց փաստաթղթում հանձնաժողովը մասնավորապես անդրադարձել է սահմանադրության նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածներին` նշելով, որ դրանք սահմանափակում են միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը Հայաստանում, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքներին: Հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթում ասվում է, որ սահմանադրական դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես միասեռական ամուսնությունները ճանաչելու իրավական խոչընդոտ: 
Հիշեցնենք, որ սահմանադրության նախագծի «Ընտանիքի պաշտպանությունը» վերնագիրը կրող 15-րդ հոդվածը սահմանում է` ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության տակ: Իսկ դա նշանակում է, որ պետությունը ընտանիք է ճանաչում այն միությունը, որը կարող է ապահովել բնակչության բազմացումը: Միասեռական ամուսնության դեպքում բնական բազմացումը բացառվում է, այդ պատճառով այն չի կարող կոչվել ընտանիք եւ պետականորեն աջակցություն ստանալ: 
Իսկ հոդված 34-ը, որը վերնագրված է «Ամուսնության ազատությունը», սահմանում է` ամուսնության տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն
: Սա եւս միասեռական ամուսնություններն օրինականացնելու սահմանադրական արգելք է, եւ Վենետիկի հանձնաժողովի համար այս ձեւակերպումներն անընդունելի են ու մտահոգիչ:
Մինչդեռ մեր հասարակության համար հանձնաժողովի մոտեցումներն են խորթ ու անընդունելի: Եվ, օրինակ, հանրապետական պատգամավորները կտրականապես բացառում են սահմանադրության նախագծում նման դրույթների արձանագրումը։ 
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ առաջնորդ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ խորհուրդ է տալիս Վենետիկի հանձնաժողովին հնարավորինս քիչ միջամտել մեր երկրի ներքին գործերին եւ չպարտադրել այսպես կոչված արժեքները, որոնք այսօր հենց Եվրոպան են կործանում. «Միջազգային տարբեր կառույցներ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, շատ են իրենց քիթը մտցնում մեր ներքին գործերի մեջ եւ իրենց հակաքրիստոնեական ու հակամարդկային արժեքները փորձում պարտադրել մեր ապրելակերպին: 
Որքան էլ ձգտենք եվրոպական չափորոշիչներին եւ փորձենք մեր երկրում գործող փաստաթղթերը համաձայնեցնել դրանց, առաջնայինը պետք է լինեն մեր ազգային դիրքորոշումն ու սկզբունքները, արժեքները, որոնք էլ ապահովում են ազգային անվտանգությունը:
Դա վերաբերում է նաեւ սեռական փոքրամասնություններին պետականորեն աջակցելու, նրանց ամուսնություններն օրինականացնելու խնդրին: 
Մեր ազգային շահերից բխում է այդ երեւույթը վերահսկելը եւ թույլ չտալը, որ այն տարածվի, այն էլ՝ օրինական ճանապարհով:
Բարեբախտաբար կառավարական օղակներում, ԱԺ-ում, կուսակցություններում հիմնականում այդ արժեքները կրող մարդիկ են, եւ նրանք թույլ չեն տա, որ սահմանադրական բարեփոխումների նախագծով միասեռականների առաջ կանաչ լույս վառվի»:

Պատգամավորը միջազգային կառույցների նման միջամտություններն ազգային, պետական հարցերին բացատրում է եվրոպական երկրների գաղութատիրական բնազդներով, որից նրանք այդպես էլ չկարողացան ձերբազատվել միջնադարից: Եվ այժմ էլ այդ բնազդով անընդհատ փորձում են այլ պետություններին դասեր տալ, թելադրել, թե նրանք ինչ արժեքներով ապրեն:
«Մինչդեռ գաղութատիրությունը վաղուց անցյալում է, եւ ոչ մի Վենետիկի հանձնաժողով կամ դրա նման կառույց չի կարող մեզ պարտադրել այն, ինչ մեր հոգեբանությանն ու ապրելակերպին հարիր չէ: Եվ մենք էլ պարտավորություն չունենք դրանց ենթարկվելու»,- ասում է Հայկ Բաբուխանյանը:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները խիստ մասնագիտական է համարում եւ նշում, որ նրանք ընդամենը կատարել են իրենց գործառույթները եւ սահմանադրութան նախագծի դրույթները համեմատել եվրոպական չափանիշները սահմանող կոնվենցիաների փաստաթղթերի հետ` նշելով դրանց համապատասխանությունը  կամ անհամապատասխանությունը։

«Նրանց գնահատականը խիստ մասնագիտական է եւ բխում է զուտ եվրոպական չափանիշների տեսանկյունից: Վենետիկի հանձնաժողովը եվրոպական արժեքների դավանողը, տարածողը, քարոզողը, ճշտողն ու վերահսկողն է: 
Նրանք հաշվի չեն առնում, թե տվյալ ժողովուրդն ինչ հոգեկերտվածք, ավանդույթներ ունի։ Թեեւ լավ հասկանում են, որ մենք սեփական ազգային արժեհամակարգն ունենք: Եվ նրանց դիտողություններն ու մեկնաբանությունները ամենեւին պարտադրանք չեն մեզ: 
Դա չի նշանակում, թե մեկնաբանություններ ներկայացնելուց հետո հանձնաժողովը հետեւողականորեն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ չհամապատասխանող դրույթները փոփոխվեն: Ամենեւին: Նրանք իրենց գործն արեցին: Մնացածը պետք է որոշենք մենք` սեփական ազատ հայեցողությամբ ու կամքով:

Կցանկանա՞նք ինքներս ընդունել միասեռական ամուսնությունները, ուրեմն սահմանադրության նախագծում փոփոխություններն անխուսափելի կլինեն: Չե՞նք ցանկանա, ուրեմն ոչ մի միջազգային կառույց մեզ դա չի պարտադրի: 
Մի դիտարկում եւս. եթե եվրոպական չափանիշները չեն արգելում միասեռական ամուսնությունները, ապա դրանք չեն էլ խրախուսում: Ամեն դեպքում ազատ ընտրության հնարավորությունը տրված է»:

Լ.Ալեքսանյանը վստահ է, որ Ազգային ժողովում բոլոր պատգամավորները, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները դեմ են եվրոպական այլասերված բարքերի ներթափանցմանը Հայաստան եւ թույլ չեն տա, որ սահմանադրության նախագծի մեջ միասեռականների լայն իրավունքների պաշտպանությունից բխող որեւէ կետ ներառվի. «Այն դրույթները, որոնք հակասում են մեր ազգային անվտանգությանը, նպաստում արժեքների ու քաղաքական դաշտի խարխլմանը, ավանդույթների կործանմանը, պետք է կասեցվեն, չպետք է ներառվեն Մայր օրենքում: 
Մենք բոլորս դա հասկանում ենք, եւ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովի դիտողություններն ու մեկնաբանությունները հաշվի առնելով հանդերձ՝ մեր իրավասուները դրանց օրենքի տեսք չեն տա: Այս առումով մտահոգվելու կարիք չունենք»: