Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Երեքշաբթի, 01 Սեպտեմբեր 2015 16:13

«ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ԱՅՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻՆ, ԻԲՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՒՏ ԿԱՄ ՎՆԱՍ Է ԱՌԱՆՁԻՆ ԱՆՀԱՏԻՆ»

 

«Հայելի» մամուլի ակումբում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հիմնականում խոսեց սահմանադրական բարեփոխումների մասին` ներկայացնելով դրական եւ թերի կողմերը: Պատասխանելով լրագրողների հարցին, թե այս սահմանադրությունը հիշեցնում է կոմունիստական կուսակցությունը, այսինքն միահեծան իշխանություն է ձեւավորվելու, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Ընդհանրապես ես համաձայն չեմ նման մակարդակի քննարկումներին: Այսինքն` այս կետը անձամբ ում ձեռք կտա, ում ձեռք չի տա, ում է օգուտ, ում է վնաս... Սահմանադրությունը չի ենթադրում նման ցածր որակի քննարկում, այլ այն համակարգային փոփոխության նախագիծ է, եւ մենք պետք է տեսնենք, թե արդյոք այս փոփոխությունը մեր երկրին, ժողովրդին, տնտեսությանը, անվտանգությանը, մշակույթին դրակա՞ն, թե բացասական փոփոխություն է բերում: Իսկ այն, որ մեզ անհրաժեշտ է բարեփոխում, այդ կարծիքն ունի մեր հասարակության ստվար հատվածը: Իշխանությունների համար ամենահեշտն էր ոչինչ չանելը, սակայն կրելով պատասխանատվություն երկրի հանդեպ, նախաձեռնեց այդ բարեփոխումը` կրելով այդ համարձակությունը:
Ինչ վերաբերում է կոմունիստական լինելուն, ապա պետք է իմանալ, որ ԽՍՀՄ-ում կար սահմանադրության 6-րդ կետը, որտեղ գրված էր, որ ղեկավարող դեր ունի Կոմունիստական կուսակցությունը, եւ սահմանարդությամբ ֆիքսված էր կուսակցության այդ դերակատարության մասին, իսկ նման կետ այս սահմանադրությունում չկա, եւ դժվար թե լինի»,- նկատեց պատգամավորը եւ հավելեց, որ նման համեմատություն կատարելիս գոնե պետք է լավ իմանալ կոմունիստական սահմանադրությունը:

Հայկ Բաբուխանյանը նաեւ շեշտեց, որ ընդդիմադիրները պատճառաբանում են, իբր միեւնույն է` թե՛ ՀՀԿ-ն եւ թե՛ նրա հետ դաշինք կազմած կուսակցությունները կհաղթեն խորհրդարանական ընտրություններում. «Պետք է ասեմ, որ մենք շնորհակալ ենք, որ այդպիսի դրական գնահատական կա ՀՀԿ-ի վերաբերյալ: Սակայն խորհրդարանական ընտրություններն ու դրա արդյունքները որոշում է մեր քաղաքացին` իր քվեարկությամբ: Իսկ եթե մրցակիցները կարծում են, որ իրենք թույլ են եւ չեն կարող մտնել մրցակցության մեջ, ընդամենը պետք է ֆիքսել, որ ՀՀԿ-ն գտնվում է երկրի քաղաքական առանցքում, սակայն պետք է հնարավորություն տալ, որ բոլոր կուսակցությունները փորձեն մտնել ընտրապայքարի մեջ»:
Որքանո՞վ կար անհրաժեշտություն ներկայիս սահմանադրությունը փոխարինելու նորով` հարցին պատասխանելով, պատգամավորը շեշտեց, որ հանրության կողմից կան բազում դժգոհություններ տարբեր գերատեսչություններից, ոլորտներից, ուստի եւ 10 տարի անց անհրաժեշտություն նկատվեց կատարել փոփոխություններ, որոնք կբերեն թարմություն եւ բարեփոխում յուրաքանչյուր ոլորտում:
Հարց հնչեց նաեւ նոր սահմանադրության 36-րդ կետի մասին, որը վերաբերում է ընտանիքին. Հ. Բաբուխանյանը նշեց, որ այդտեղ նա եւս ունի խիստ անհամաձայնություն` երեխաների իրավունքի գերուռճացման հետ կապված. «Մենք առաջարկում ենք 15-րդ հոդվածում ավելացնել ընտանիքի ինքնիշխանության երաշխավորումը: Հայկական ընտանիքը մեր հասարակության հիմքն է, այս սահմանադրությունը փորձում է էլ ավելի պաշտպանել, սակայն որքան ավելի շատ պաշտպանվի, այնքան ամուր կլինի թե՛ ընտանիքը, թե՛ հասարակությունը, դրա արդյունքում էլ` պետությունը»:

«ԼԻՆԵԼՈՎ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԵԾ ՏԵՂ ԵՆՔ ՏԱԼԻՍ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ»

Ինչ վերաբերում է ՍԻՄ-ի առաջարկներին, ապա կուսակցության նախագահը նշեց հետեւյալ դրույթները.
1. «Մենք գտնում ենք, որ եթե մի կուսակցությունը հավաքել է 46 տոկոսից ավելի ձայներ, ապա բոնուսային համակարգն ավելի ճիշտ է, քան երկրորդ փուլին գնալը,
2. Երկրորդ փուլի մասնակիցները պարտադիր չէ երկուսը լինեն, այլ սկզբունքը պետք է լինի հետեւյալը, որ լինի այնքան կուսակցություն, որոնք առաջին փուլում հավաքել են ընդհանուր ձայների 50 տոկոսը: Օրինակ, եթե մեկը հավաքել է 20, մյուսը 30 տոկոս ձայներ, ապա երկուսը, կամ 20, 20, 10` ապա երեքը,
3. Շատ կարեւոր է մեզ համար ՀՀ քաղաքացու շեշտադրումը որպես բարձրագույն արժեք, իսկ այս նախագծի մեջ նշված է, որ բարձրագույն արժեքը մարդն է,
4. Դեմ ենք, որ միջազգային իրավունքի  գերակայությունը մեր սեփական օրենսդրության նկատմամբ սահմանադրորեն շեշտադրվի: Կան բազում հոդվածներ, որտեղ անտեղի նշված են, որ գերակայում է միջազգային իրավունքը:
5. Մեր կուսակցությունը, լինելով պահպանողական, բավականին կարեւորում է սահմանադրության մեջ հոգեւոր անվտանգության դրույթների ամրագրմանը, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցու դերի բարձրացման վերաբերյալ: Մենք գտնում ենք, որ 16-րդ հոդվածում պետք է նշվի` ՀՀ-ում կրոնական կազմակերպությունների օտարերկրյա ղեկավարումն ու ֆինանսավորումը արգելվում է: Առաջարկում ենք կետ, որ կրոնական քարոզչությունն ու ծեսերը կարող են իրականացնել միայն ՀՀ քաղաքացիները,
6. Մշակել ենք մի շարք տարբերակներ, որոնք է՛լ ավելի կուժեղացնեն, կերաշխավորեն դատական իշխանության կողմից իրական արդարադատության իրականացումը: Մի կողմից մենք պետք է ապահովենք դատական իշխանության անկախությունը, որպեսզի դատարանները չճնշվեն իշխանության այլ ճյուղերի կողմից, մյուս կողմից դատարանները չպետք է լինեն անվերահսկելի: Նախագծում կան մեխանիզմներ, որոնք բերում են դատարանների ինքնավերահսկողությանը, բայց գուցե այստեղ պետք է ավելի շեշտադրել մեր մտահոգությունը, քանի որ ցավոք շատ անգամ հենց դատարաններում  եւ նրանց կողմից են լինում խախտումները»:
ՍԻՄ նախագահը նաեւ նշեց, որ կան կետեր, որոնք պետք է պարզապես խմբագրվեն. «Գուցե կոնկրետ միտքը լավն է, բայց յուրաքանչյուր մարդ նույն կետը կարող է հասկանալ տարբեր կերպ»:
Ասուլիսի ընթացքում պատգամավորը նշեց այն 10 դրույթները, որոնք հիմնավորում են, թե ինչու պետք է ընդունել նոր սահմանադրությունը: