Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
ՍԻՄ կուսակցություն - Լուրեր
Հինգշաբթի, 24 Սեպտեմբեր 2015 16:56

«2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ ԷՐ»

 

«Այսօր հիմնական հարցը, որ հնչում է, թե արդյո՞ք պետք են այդ փոփոխությունները մեր երկրին, մեր հասարակությանը: Ստեղծվել է հետաքրքիր, եւ գուցե տարօրինակ մի իրավիճակ, որ իշխանությունը ասում է` գտնում ենք, որ բոլոր համակարգերում անհրաժեշտ են փոփոխություններ, բարելավում, տեսնում ենք թերություններ, որոնք պետք է շտկել, իսկ ընդդիմությունն ասում է` չէ, չէ, պետք չէ ոչինչ փոխել, ամեն ինչ շատ լավ է»,- այս տողերով սկսեց իր ելույթը ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` ներկայացնելով իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Շարունակելով խոսքը` նա ասաց. «Հարց են տալիս, թե ի՞նչն է ներկայիս համակարգի վատը: Կամ այս դժվար իրավիճակում ինչո՞ւ ենք անցնում բարեփոխումներին, կարծես միջազգային ծանր իրավիճակը շատ շուտով կբարելավվի եւ այդ ժամանակ նոր կարելի է անցնել բարեփոխումների: Ասում են նաեւ, որ ներկայիս Սահմանադրությունը շատ լավն է, դրա օրոք պատերազմում հաղթել ենք, բայց նշեմ, որ այս Սահմանադրությամբ չէ, որ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, այլ Սովետական Հայաստանի սահմանադրության ժամանակ էր: Ասում են նաեւ, որ ներկա Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք չեն իրագործվում: Այո՛, կան թերություններ, այո՛, կան դրա իրագործման ընթացքում դժվարություններ, բայց նաեւ ակնհայտ է բարեփոխումների անհրաժեշտությունը եւ համակարգային  բարեփոխումների արմատները դրված են Սահմանադրության մեջ: Իսկ եթե որոշ կետեր չեն գործում, ապա օրինակ` ճանապարհային երթեւեկության կանոնները ոչ բոլոր վարորդներն են պաշտպանում, որը չի նշանակում, որ չպետք է ընդունենք նոր օրենքներ կամ նոր կանոններ:

 

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՈՒՄ Է`ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԻ ՓՈԽԵՔ»

Ստեղծվում է  տարօրինակ իրավիճակ, իշխանությունն ուզում է փոփոխություն, ընդդիմությունն ասում է` ոչ մի բան մի փոխեք: Ստացվում է` ինչ-որ բան այնպես չէ, կա գաղտնի ծրագիր, պլան, որ մեր Ո՛Չ ասող գործընկերներն այստեղից չեն բացահայտում, բայց իրականում իրենք գիտեն` ուր են տանում: Ասում են նաեւ, որ գաղտնապահության շրջանակներում է անցնում ՍԴ քննարկումները, այն դեպքում, որ երկու տարի է` ամենաթափանցիկ ձեւով, բոլոր ԶԼՄ-ները լուսաբանում են, տեղի են ունենում քննարկումներ ամենամանրամասն ձեւով, տպագրվեց, բաժանվեց բոլորին հայեցակարգը, բայց նորից ասում են` գաղտնապահություն:
Ասում են` շտապողականություն, երբ երկու տարի մանրակրկիտ աշխատանք է տարվում: Տպավորությունն այնպիսին է, որ իրոք ասելիք չկա, բայց կա մի գաղտնի ծրագիր, որը մեր ընդդիմադիրները ցանկանում են իրականացնել, ինչի մասին կխոսեմ փոքր-ինչ հետո:
Մեր ՀՀՇ-ական գործընկերներին թվում է, որ եթե իրենց անունը փոխեցին ՀԱԿ-ի, ապա ժողովուրդը մոռացել է` ում հետ գործ ունի: Իսկ ԱԺ դահլիճում շռայլ մեղադրանքներ շաղ տալով` փորձում են ցույց տալ, թե 1995 թվականի Սահմանադրության հանրաքվեն անցել է կոնսենսուսի պայմաններում, մոռանալով, որ այդ թվականներին կուսակցություններից մի քանիսի գործունեությունն արգելված էր, կուսակցական մի շարք ընդդիմադիր գործիչներ բանտերում էին, փակվել էին մի շարք առաջատար թերթեր` «Իրավունք», «Երկիր», «Ազատամարտ» եւ այլն: Ժողովուրդը շատ լավ է հիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի` կեղծիքով անցկացրած եւ ժողովրդի վզին փաթաթած սահմանադրությունը: Պետք չէ հույս ունենալ, որ երիտասարդները չեն հիշում կամ չգիտեն դրա մասին, լավ էլ գիտեն բոլորը: 90-ականներին ընդդիմության կողմից ստեղծվեց սահմանադրական վեցյակ, որը մշակեց սահմանադրության ալտերնատիվ տարբերակ, բա ինչո՞ւ չդրեցիք դա քվեարկության: Ընդդիմությունը լինում է այդպիսին, ինչպիսին մենք էինք 90-ականներին, որ ունենում է ալտերնատիվ գրավոր առաջարկ, այլ ոչ թե փնթփնթում, բամբասում եւ կեղծ մեղադրանքներ ներկայացնում:
Շատ տարօրինակ է, որ այն առաջարկությունները, որոնք կան ներկա սահմանադրության մեջ, մերժվում են այն մարդկանց կողմից, ովքեր ամիսներ առաջ պահանջում էին հենց այդ փոփոխությունները: Ընդդիմությունը 12 կետից պահանջ ներկայացրեց, հետո ինչ-որ բոյկոտներ էր անում, դահլիճից դուրս գալիս, բայց հենց այդ 12 կետերից շատ դրույթներ ամրագրված են այս սահմանադրության նախագծի մեջ. ընտրական համակարգի բարելավում, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, քաղաքական համակարգի բարելավում եւ այլն: Բայց տարօրինակաբար ընդդիմությունը ներկայումս դրանք մերժում է:
Այստեղ խոսում են վերարտադրման մասին. ասեմ, որ վերարտադրությունը լինելու է միայն ժողովրդի քվեի միջոցով: Ցանկացած ուժ պետք է ներկայանա ժողովրդին իր ծրագրով, ով կստանա քվե` նա էլ կլինի իշխանություն: Հասկանալի է, որ ՀԱԿ-ը կանխատեսում է իր ջախջախիչ պարտությունը, քանի որ երեք տարվա ընթացքում 18 կուսակցության միավորումից մնացին ընդամենը երկուսը: Այսինքն, եթե երեք տարում այսքան կորուստներ ունեցաք, նշանակում է` դուք չեք ունենալու ժողովրդի աջակցությունը: Այսօր ձեր թուլությունը, անկարողությունը, ամլությունը ուզում եք վերագրել այլ քաղաքական կատեգորիաների, չի՛ ստացվի:
Հիշեցնեմ, որ պահանջում էին այդ 12 կետերի մեջ ընդդիմության լիազորությունների ավելացում, հիմա 23 կետով ընդդիմությունն ստանում է լրացուցիչ լիազորություններ, ինչո՞ւ են դեմ, տարօրինակ է: Ավելանում է ընդդիմության, խորհրդարանի վերահսկողության դերը, բայց իշխանություններին մեղադրում են, թե իշխանության կենտրոնացումն  է ավելանում: Պարոնայք, գոնե մի լուրջ բան ասեք, որ հասկանանք` ինչ եք ուզում:

«ԼԻԲԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՕՍԿԱՆՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ՍԻՄ կուսակցությունը կատարել է շուրջ 30 առաջարկներ, որոնք կարիք չկա նորից ներկայացնել, քանի որ աշխատել ենք հանձնաժողովի հետ, հրապարակել ենք: Ունենք անհամաձայնություններ` 5-րդ, 16-րդ, 36-րդ եւ այլ կետերի հետ, կշարունակենք աշխատել, ներկայացնել մեր առաջարկությունները: Բայց եթե, թողնելով մնացած դրական փոփոխությունները, այս բարեփոխումներով լուծվեր ընդամենը մի հարց` նախագահական ընտրությունների բացառությունը մեր հանրային կյանքից, կրկին կողմ կլինեինք այս նախագծին: Ինչո՞ւ. քանի որ բոլոր նախագահական ընտրությունները, սկսած 1991 թվականից, անցել են բախումների, հասարակության երկպառակության մթնոլորտում: Հենց այստեղ է մեխը Ո՛Չ ասողների, այսինքն նախագահական ընտրությունների բացակայությունը 2018 թվականին: Ինչո՞ւ է նրանց պետք այդ նախագահական ընտրությունը: Որովհետեւ ակնհայտ է, որ աշխարհում սրվում է միջազգային իրադրությունը, Արեւմուտքն ուզում է վերականգնել իր տոտալ վերահսկողությունը մեր տարածաշրջանի նկատմամբ: Ակնհայտ է նաեւ, որ մեր եւ ՌԴ-ի բարեկամությունը եւ ՀՀ-ի ներգրավվածությունը ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ի մեջ, լուրջ խոչընդոտ է արեւմտյան նպատակներին: Եվ այստեղ է, որ գալիս է մայդանների անհրաժեշտությունը, այստեղ է, որ գալիս է Լիբիայի օրինակը մեր երկրում կրկնելու անհրաժեշտությունը, որի մասին երազում էր պարոն Օսկանյանը, իսկ մայդանների տարբերակ ցանկանում էին տեսնել մեր ՀՀՇ-ական գործընկերները: Նախագահական ընտրությունները պատրաստվում էին օգտագործել երկրում իրավիճակն ապակայունացնելու եւ դրանից օգտվելով` նորանոր բախումներ, մարտիմեկեր ստեղծելու համար: 2018 թվականի ընտրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերջին շանսն է` վերադառնալու մեծ քաղաքականություն:
Ժողովրդին նախագահական ընտրություններ, մայդաններ, լիբիաներ, բախումներ պետք չեն, նրանց պետք են` աշխատանք, հանգիստ մթնոլորտ, ապահով սահմաններ, անվտանգություն, այլ ոչ թե ընտրություններ: Մեր խնդիրն է թույլ չտալ, որ ժողովուրդը դուրս գա մեկը մյուսի դեմ, եւ տեղի ունենան բախումներ, մեր խնդիրն է` ստեղծել ապահով երկիր»: