Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 14:52

ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱ ՄԻԱԲԵՎԵՌ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՄԱՍԻՆ. ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ



Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած ռուս-ամերիկյան շփումների վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են, սկսած նրանից, որ Օբամա-Պուտին հանդիպումը կարող է փոխել պատմության ընթացքը, վերջացրած նրանով, որ Ռուսաստանն ընդամենը մեղմեց միջազգային մեկուսացման օղակը, որի մեջ հայտնվել էր ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Ձեր կարծիքը։


-Ռուսաստանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ աշխարհը պետք է մոռանա միաբեւեռ համակարգի մասին եւ վերադառնա բազմաբեւեռ աշխարհակարգին, որի բեւեռներից մեկը Ռուսաստանն է։ Եվ այդ բեւեռի կարծիքը պետք է հաշվի առնեն մյուս բեւեռները, այդ թվում՝ նաեւ Միացյալ Նահանգները։


- Ըստ էության, եվրոպական համայնքը, ի դեմս Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի, ընդունեց այդ իրողությունը՝ ասելով, որ անհնար է լուծել գլոբալ խնդիրները՝ շրջանցելով Ռուսաստանը։


- Ոչ միայն եվրոպական համայնքը, եւ ոչ միայն ի դեմս Մերկելի։ Նույն Միացյալ Նահանգների ղեկավարությունը շաբաթներ առաջ հրաժարվում էր նախագահ Պուտինի հետ հանդիպումից, բայց, ինչպես տեսնում եք, հանդիպեց, եւ հանդիպումն էլ նախատեսվածից կրկնակի երկար տեւեց։ Ավելին՝ եթե ԱՄՆ-ը տարիներ շարունակ փորձում էր Սիրիայում «անհապաղ իշխանափոխություն» անել, հիմա ստիպված է Սիրիայի օրինական իշխանություններից ազատվելու խնդիրը հետաձգել ավելի լավ ժամանակների։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները, ըստ էության, նահանջել է իր դիրքերից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը, դա միֆ է՝ բլեֆ։ Ռուսաստանը վերջին շրջանում կտրուկ ավելացրել է իր միջազգային կապերը տարբեր կազմակերպություններում. դա առաջին հերթին ԲՐԻԿՍ-ն է, Շանհայյան համագործակցության կազմակերպությունը, չխոսելով արդեն Եվրասիական տնտեսական միության մասին, որն ընդլայնվում է։


- Այնուամենայնիվ Օբաման հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է շարունակվեն։ Սա դեմքը փրկելու համար արված հայտարարությո՞ւն է, թե՞ Արեւմուտքն իրոք հետեւողական կլինի Ռուսաստանին «պատժելու» հարցում, անգամ այն պարագայում, երբ Եվրոպան ակնհայտորեն հիացած չէ այդ հեռանկարով։


- Պատժամիջոցների լեզվով միմյանց հետ խոսելը լավագույն պրակտիկան չէ միջազգային հարաբերություններում։ Իմ կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ամենամեծ հարվածը հասցրին հենց Եվրամիության երկրներին, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի պրակտիկան՝ ինչ-որ սեւ ցուցակներ կազմելու, խոչընդոտելու մարդկանց մուտքը այդ երկիր, ի վերջո հարվածում է նույն Ադրբեջանին։ Դա տոտալիտար երկրներին բնորոշ մոտեցում է, որն ապացուցել է իր անարդյունավետությունը. դրա ժամանակը վաղուց անցել է՝ հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, սկսած Մերձավոր Արեւելքում ծնունդ առած ահաբեկչական շարժումներից եւ իսլամական ծայրահեղականության դրսեւորումներից, վերջացրած համաշխարհային տնտեսական ճգնաժամով։ Վերադառնալով պատժամիջոցներին՝ այս պահին դժվար է միանշանակ ասել, դրանք կվերանայվե՞ն, թե՞ ոչ, բայց որքան էլ կարող է պարադոքսալ թվալ, այս ընթացքում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է, փոխարենը կրճատվել է Եվրոպա-Ռուսաստան առեւտրի ծավալը։ Այսինքն՝ Եվրոպային, որ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցն է տնտեսական դաշտում, շարունակաբար հարվածներ են հասցնում, որպեսզի նա չկարողանա մրցել, առավել եւս՝ առաջ անցնել նույն ԱՄՆ-ից։


- Ռուսաստանը չի շտապում իրերն իրենց անուններով կոչել՝ դատապարտել Ադրբեջանի նախահարձակ գործղությունները։ Անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը Դուշանբեի գագաթաժողովում իր մտահոգությունը հայտնեց հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ լկտի դրսեւորումների վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնիսկ հայտարարությամբ չփորձեց զսպել չափն անցած մեր հակառակորդին։ Սա նորմա՞լ է, ձեր կարծիքով։


- Գիտեք, մեզանում զարմանալի մարդիկ կան. մեկ ասում են՝ ռուսները «ոտնահարում» են մեր անկախությունը, մեկ էլ հենց սահմանում մի կրակոց է հնչում, ասում են՝ Ռուսաստանը մեր պապան է, ինչի՞ չի միջամտում։ Եթե ՀԱՊԿ-ը անկախ պետությունների դաշինք է, պետք է հասկանալ, որ ամեն կրակոցից հետո դաշնակիցը չի վերցնելու իր տանկերը, հրթիռները ու վազի սահման։ Դրա կարիքն էլ չկա։ Ինչ վերաբերում է դաշնակցային պարտավորություններին, ապա Ռուսաստանն ամբողջ ծավալով կատարում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Այն, որ Հայաստանը, ունենալով տնտեսական լուրջ խնդիրներ եւ Ադրբեջանի հետ անհամեմատելի ռազմական բյուջե, կարողանում է պահպանել ռազմատեխնիկական փխրուն հավասարակշռությունը տարածաշրջանում, եւ մեր բանակն ավելի պատրաստված է ու ավելի մարտունակ, քան ադրբեջանական զինուժը, դրանում անգնահատելի է Ռուսաստանի դերը։ Ով չի տեսնում այս պարզ ճշմարտությունը, կարծում եմ, մեր երկրի բարեկամը չէ։ Իսկ ՀԱՊԿ-ի դերակատարությունը սկսվում է այն պահին, երբ լինում է ագրեսիա անդամ պետության դեմ։ Երբ ինքներս որոշենք, որ Ադրբեջանը ագրեսիա է սանձազերծել մեր դեմ, այդ պահից սկսած՝ ՀԱՊԿ-ը ունի անելիք՝ միջամտելու առումով։ Այսինքն՝ մենք այս պահի դրությամբ չենք փորձում ՀԱՊԿ-ի ռազմական, ռազմատեխնիկական հնարավորությունները փոխարինել ռազմաքաղաքականով։


- Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի ոտնձգությունները մեր սահմանների նկատմամբ, ապա Հայաստանը կձեռնարկի իրավական եւ քաղաքական բոլոր միջոցները հայկական երկու պետությունների անվտանգությունն ապահովելու համար։ Դրա տակ ի՞նչ հասկանալ։


- Ադրբեջանը եւ նրա թիկունքում կանգնած ուժերը, Թուրքիան պետք է իմանան, որ Հայաստանը չի պատրաստվում դիտորդի կեցվածք ընդունել եւ հանգիստ հետեւել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողություններին։ Աշխարհը պիտի հասկանա, որ Ադրբեջանը գնում է նույն ճանապարհով, ինչ ժամանակին ֆաշիստական Գերմանիան, ու կարող է դառնալ համաշխարհային նոր պատերազմի սանձազերծողը մեր տարածաշրջանում։ Եվ շատ հնարավոր է, որ ոչ ոք չկարողանա կանգնեցնել ֆաշիստական Ադրբեջանի սադրանքները, որպեսզի դա չվերածվի համաշխարհային հրդեհի։ Նախագահի խոսքը ուղղված էր հենց դրան՝ որ աշխարհը գիտակցի այդ վտանգը։


- ՊՆ-ին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի։ Կարծում եք՝ այսօր ավելի մո՞տ ենք պատերազմին՝ ռազմական գործողությունների վերսկսման իրական սպառնալիք տեսնո՞ւմ եք։


- Չեմ կարծում, թե Ադրբեջանը չի գիտակցում, որ պատերազմի վերսկսման դեպքում կկրի շատ ծանր պարտություն։ Մենք ստիպված կլինենք ասիմետրիկ հարվածներ հասցնել հակառակորդին, ազատագրել Նախիջեւանը եւ լուծել մեր տնտեսական կոմունիկացիաների հարցը։ Բացի դրանից, Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ շարունակում են օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից, Դաշտային Ղարաբաղում եւս ունենք նման տարածքներ։ Ռազմական արկածախնդրության գնալու դեպքում Ադրբեջանի նավթամուղները, գազամուղները մի րոպեում հօդս կցնդեն, եւ նավթադոլարները չեն հոսի Ադրբեջան։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չի դիմի այդ քայլին, բայց ֆաշիստական պետությունը չի ենթարկվում տրամաբանության կանոններին՝ ապրում է իր «օրենքներով», եւ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին։ Մեր բանակը, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս հայտարարել են այդ մասին եւ ապացուցել են իրենց քայլերով: