Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Լուրեր
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:30

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՌ ՏԱԼՈՎ` ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՇՌԱՅԼԵԼ, ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՔ

«Ստացվում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները կարող են իրենց թույլ տալ այս ամբիոնից ունենալ ռեմբոյական` սուր ճոճելու ելույթներ, մեզ վիրավորել, ահ ու սարսափ տարածել, իսկ իշխանությունը իրենց չի կարող անգամ քննադատել»,- այս խոսքերով իր ելույթը սկսեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող ճանապարհաշինության համար վարկ վերցնելու հարցի շուրջ որոշ ընդդիմադիր գործիչների ճոռոմ-ճոռոմ ելույթներին: Նագտնում է, որ դա լավագույն բանավիճելու ձեւը չէ, երբ իրենց իբր ընդդիմադիրի տեղ դրած պատգամավորները նման տոնայնությունը կիրառում են բավականին լուրջ եւ կոնկրետ հարցի ժամանակ:

 

 

Բանն այն է, որ մինչ Հ. Բաբուխանյանի ելույթը, պատգամվոր Էդմոն Մարուքյանը ամբիոնին  գոռգոռում էր, թե այսուհետ կռիվ է տալու` օդում, ջրում եւ ցամաքում, եթե փորձեն իրեն գավառամիտ անվանել: Սակայն չորեքշաբթի իր ելույթում Մարուքյանը, հավանաբար, ինչ-ինչ ընտրազանգվածին դուր գալու համար հայտարարում էր, որ Երեւանը շրջանցող եւ երկրի հյուսիսը հարավին կապող ճանապարհային հանգույցի փոխարեն` այդ գումարը պետք է տրամադրվի Վանաձոր եւ Գյումրի քաղաքներին: Եվ ընդհանրապես, ըստ Մարուքյանի, Երեւանի հաշվին «դիսկրիմինացիայի» է ենթարկվում մարզերի բնակչությունը:

 

Հայկ Բաբուխանյանի կարծիքով` ճիշտ չէ հատվածականություն մտցել հայ ժողովրդի մեջ եւ հակադրել մարզի բնակչությանը` Երեւանի բնակչության հետ, քաղաքացիներին ու գյուղացիներին եւ այլն. «Նման հատվածականություն կիրառելը վտանգավոր է եւ վնասակար: Ազգի միասնությունն այն կարեւորագույն խնդիրն է, որը պետք է ապահովենք այսօր եւ ոչ միայն ՀՀ  տարածքում, այլ ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է կարողանանք փայփայել, իսկ հակադրել միմյանց տարբեր բնակավայրերի բնակիչներին` բավականին էժանագին մեթոդ է»:
Հիշեցնենք նաեւ, որ նախորդ օրը նույն հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը գավառամտության մեջ մեղադրեց իրեն Հայաստանի գլխավոր «էլեկտրիկ» հռչակած պատգամավոր Էդմոն Մարուքյանին, այն բանի համար, թե, ըստ նրա, Երեւանին իբր տրվում են ավելի շատ արտոնություններ` ի հաշիվ մարզերի: Մարուքյանը խիստ վիրավորված էր:
«Եթե վիրավորվում եք գավառամտություն բառից, որն ի դեպ Աճառյանի բառարանում նշված է որպես ձգտումների, հետաքրքրությունների եւ մտահոգությունների սահմանափակություն»:
«Լավ էլ նախապատրաստվել եք ելույթին»,- հանկարծ տեղից արձագանքեց Էլեկտրիկ Էդմոնը, որին հակադարձելով Հ. Բաբուխանյանն ասաց, որ միշտ պատրաստ է. «Կարող եք սովորել ինձանից»:
Գավառամիտ լինելը, ըստ ՍԻՄ նախագահի, վիրավորանք չէր, այլ կարծիք, եւ այդ ամենը շուռ տալ դրա` վրա ճիշտ չէր,- հարցի տեսքով ասաց պատգամավորը:
«Ընդդիմադիր գործիչները գիտեն, որ եկող տարին ընտրական է, ու հաճախ նրանք երկրի նախագահի անունը անտեղի շահարկում են: Փառք Աստծո, մեր երկիրն ավելի ժողովրդավար է, քան Եվրամիության հետ ասոցացված Թուրքիան, որտեղ երկրի նախագահին թարս նայելու համար ենթարկում են քրեական պատասխանատվության: Սակայն չի կարելի երեւակայությանը զոռ տալով` վիրավորանքներ շռայլել, ցույց տալով, թե ինչքան ուժեղ ընդդիմադիր եք, ինչքան համարձակ տղա եք»,- ասաց Բաբուխանյանը:
Սա էլ ակնհայտորեն հակադարձ էր Նիկոլ Փաշինյանին, որը պնդում էր, թե պատկերացնում է` ինչպես են հանրապետական պատգամավորները եկող տարի նախընտրական ասֆալտ փռելու, իսկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ երկրի նախագահի անունը ավել-պակաս տալով` փորձում էր ինքը նախընտրական միավորներ վաստակել. «Ճիշտ չէ երեւակայության մեջ պատկերացրածը այս ամբիոնից հնչեցնելը, որ իբր այն վարկերը, որոնք ուղղվում են ճանապարհաշինության վրա պետք է տրամադրվեն ՀՀԿ-ի պատգամավորներին, որպեսզի նրանք կատոկի վրա ասֆալտ փռեն: Ներողություն, ե՞րբ եք տեսել, որ ես ասֆալտ փռեմ: Կխնդրեի, երբ ձեր երեւակայությանը զոռ եք տալիս` անուններ տվեք, տեսնենք` ո՞ւմ մասին եք ասում, ո՞վ է ասֆալտ փռելու: Ես էլ նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ որոշ գումարներ տրվելու են որոշ ընդդիմադիր գործիչներին` իրենց նախընտրական կամպանիաները կազմակերպելու համար: Միգուցե, ձեզ են տրվելու այդ գումարները»:
Դահլիճում մի շարք ընդդիմադիրներ հավանություն էին տալիս Հ. Բաբուխանյանի այս մտքին` հաստատելով, որ այն լուրերը, որոնց մասին խոսում էր Դավիթ Հարությունյանը, թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունը վարձատրում է` «սուպեր ընդդիմադիր» երեւալու համար, իրենց սրտով են:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ