Հայկ Բաբուխանյան. ԵԹԵ ԿԱՆ ՓԱՍՏԵՐ, ԹՈՂ ԴԻՄԵՆ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ, ՄՆԱՑԱԾԸ ՄՏԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԵՆ

 

Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ է:

- Հանրությունը հերթական անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ ընտրական գործընթացի կողմերից մեկը՝ իշխանությունը, երդվում է, որ ամեն ինչ արել է ընտրախախտումներ թույլ չտալու համար, ՙՈչ՚-ի կողմնակիցներն էլ հայտարարում են ՙոտքից գլուխ կեղծված՚ ընտրությունների մասին: Ինչո՞ւ այս դեպքում էլ չհաջողվեց խուսափել մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը դարձած այդ ֆենոմենից:


- ՙՈտքից գլուխ կեղծված ընտրությունների՚ մասին հայտարարելուց առաջ պետք է բերել փաստեր, փաստաթղթեր՝ համապատասխան իրավական ընթացակարգ անցած դիմումներ, բողոքներ, որոնք հիմնավորում են ՙաննախադեպ խախտումները՚, որոնք կասկածի տակ են դնում հանրաքվեի արդյունքները: Թե չէ լուրեր են տարածում, ապոկալիպտիկ պատմություններ պատմում այսինչ գյուղում տեղի ունեցած հոգեցունց իրադարձությունների մասին, հետո պարզվում է, որ դա բացարձակ սուտ է, որը ոչ մի հիմնավորում չունի, ոչ էլ պատմողը կա: Կամ էլ պատմողը կա, բայց սովորական պրովոկատոր է: Այսպիսի ՙտնայնագործական՚ մակարդակով ինչպե՞ս կարելի է խոսել համատարած խախտումներով ընդունված սահմանադրության մասին: Ցանկացած խախտում հանցագործություն է, եւ եթե կան փաստեր, պետք է հետամուտ լինել, որ մեղավորները բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն: Սա է իրավական ճանապարհը:


- Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ անիմաստ է գնալ այդ ճանապարհով, քանզի դատաիրավական համակարգն ամբողջությամբ իշխանությունների ՙգրպանում՚ է:


- Եթե մենք խոսում ենք իրավական պետություն կառուցումիցից, ապա պետք է արձանագրենք, որ եթե կա իրավախախտման դեպք պետք է ներկայացնենք դրա ապացույցները: Եթե դատարանն անարդար որոշում կայացնի, ապա դրա համար կան վերադաս դատարաններ, ի վերջո, կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որին նույնպես կարելի է դիմել նման դեպքերում: Այսինքն, ընդդիմադիր ուժերը, որոնք հայտարարում են չտեսնված-չլսված խախտումների մասին, որոնք իբր ազդել են հանրաքվեի արդյունքների վրա, պետք է բարի լինեն ներկայացնել այդ խախտումները հիմնավորող փաստերի եւ փաստարկների փաթեթը: Չնայած, ի սկզբանե պարզ է, որ 400 հազար քվե կեղծել ուղղակի անհնար է, առավել եւս, երբ ունենք ընդամենը 2000 տեղամաս եւ 1,2 միլիոն քվեարկող. շատ պարզ թվաբանություն է. ավելի քան 800 հազար մարդ՝ ակտիվ քաղաքացիների երկու երրորդը, աջակցել է սահմանադրական փոփոխություններին, ասել է՝ այո, մենք չպետք է դոփենք տեղում, պետք է բարեփոխենք երկիրը, զարգացնենք պետական շինարարությունը եւ շտկենք համակարգային թերությունները, 400 հազար մարդ դեմ է քվեարկել: Մեր ժողովուրդը սրանով ցույց տվեց իր վստահությունը վաղվա օրվա նկատմամբ, չտրվելով արտաքին խիստ ճշումներին, եւ շատ կազմակերպված, անկաշկանդ մթնոլորտում արտահայտեց իր կամքը:

Մյուս կողմից, իհարկե, չկա որեւէ երկիր, որտեղ ընտրությունների ժամանակ ընդհանրապես խախտումներ չեն լինում: Բայց ովքե՞ր են աղմկում խախտումների մասին. մարդիկ, քաղաքական ուժերը, որ հենց իրենք են դրել ընտրակեղծիքների, ապօրինությունների հիմքերը, կամ համագործակցում են այդ քաղաքական ուժերի հետ: Առաջին հերթին դա, իհարկե, ՀՀՇ-ն է: ՀՀՇ-ական կամ ՀՀՇ-ական անցյալ ունեցող ցանկացած գործիչ ընդհանրապես պետք է լռի, որովհետեւ մասնակից է հհշական բանդայի կողմից Հայաստանում իշխանության ուզուրպացիային: Այսօր նրանք եւս մեկ հանցագործության են գնում՝ զրպարտում են մեր ժողովրդին, փորձում պառակտել, բաժանանար գծեր գծել, ճակատներ ստեղծել, մի ճակատը մյուսի դեմ հանել: Ինչո՞ւ: Որովհետեւ իրենց "պապաները" (լինեն դրանք թուրքական հատուկ ծառայությունները, ԿՀՎ-ն, թե այլմոլորակայիններ), ուզում են Հայաստանում ներքին ճակատ բացել, որը մեզ բնականաբար բոլորովին պետք չէ:


- Ունե՞ք փաստեր, որոնք հիմնավորում են Ձեր ասածը:


- Ունեմ: Օրինակ՝ հսկայական գրանտները, որոնք գալիս են արտասահմանից, Սորոսներից, տարբեր հիմնադրամներից… Գրանտակեր կազմակերպություններից յուրաքանչյուրը միլիոնավոր դոլարներ է ՙկուլ տալիս՚: Բացեք, տեսեք Սաքունցի սեփականությունը, գրանտները, որ ստացել է կես միլիոն դոլար 3 տարվա ընթացքում:  Բա էդ փողը ինչի՞ համար են տալիս. որ մանկապարտեզներ բացե՞ն, օգնեն ծերանոցների՞ն: Իհարկե ոչ, տալիս են, որ գոռգոռան, քաոսի եւ անկայունության մթնոլորտ ստեղծեն, հակահայկական, հակաքրիստոնեական ՙարժեքներ՚ տարածեն երկրում:

- ԵԽԽՎ 6 հոգանոց դիտորդական առաքելությունը հայտրարություն է տարածել, ըստ որի, քարոզարշավի եւ քվեարկության ընթացքում արձանագրված ՙբազմաթիվ խախտումները՚, ընտրակաշառքներ, ընտրացուցակային անճշտություններ, ճնշումներ ընտրողների եւ լրագրողների նկատմամբ, վարչական ռեսուրսի չարաշահում եւ այլն, կասկածի տակ են դնում իշխանությունների շահագրգռվածությունը հանրաքվեի լեգիտիմության հարցում: Սա Ձեզ չի՞մտահոգում:

- Ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ հայտարարությունը գրվել է մինչեւ հանրաքվեն, որովհետեւ ԵԽԽՎ-ն վերածվել է ծայրից ծայր կաշառված, փտած, քաղաքական ռեպրեսիաներ իրականացնող գործիքի, որի գնահատականները ոչինչ չարժեն: ԵԽԽՎ պատգամավորները ինձ մեղադրում էին  փոքրամասնություններին հետապնդելու մեջ` բացարձակ սուտ եւ կեղծիք: Վերջին հակահայկական դրսեւորումները՝ ԼՂ եւ ՙօկուպացված մյուս տարածքներում՚ լարվածության աճի, Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցները, համոզիչ կերպով ցույց տվեցին, որ ԵԽԽՎ-ն մարդու իրավունքները պահող կառույց չէ, մարդու իրավունքները ոչնչացնող, ազգերի ինքնորոշման իրավունքը, արդարությունը ոտնահարող ծախու կազմակերպություն է: Կամ ԵԽԽՎ-ն պետք է արմատապես բարեփոխվի, այս ճահճային, փտած վիճակից դուրս գա եւ դառնա իսկապես եվրոպական ժողովուրդների համագործակցության հարթակ, կամ  Հայաստանն այլեւս այնտեղ անելիք չունի: Մենք պետք է շատ խիստ դնենք այդ հարցը:

Քվեարկության օրը մենք տեսանք, տարբեր տեղամասերում հանդիպեցինք եւ զրուցեցինք ԱՊՀ դիտորդների հետ, որոնք, թերություններն արձանագրելով հանդերձ, դրական գնահատական տվեցին քվեարկությանը, բայց ԵԽԽվ դիտորդներին ոչ մի տեղ չտեսանք: ԵԽԽՎ-ն պետք է զբաղվի այն երկրներով, որոնք այսօր եղանակ են ստեղծում այդ կառույցում: Օրինակ, Թուրքիայով, որտեղ օդանավակայանում կախված լրագրողուհու մասին ասում են՝ չվերթից ուշացել է, դրա համար է կախվել, երկու լրագրողի՝ գլխավոր խմբագրի եւ բաժնի վարիչի, 45 տարվա ազատազրկման են դատապարտում մի հոդվածի համար, որ մեկին մեկ համապատասխանում է իրականությանը, եւ չեն էլ ասում՝ սուտ են գրել, ասում են, պետական գաղտնիք են հրապարակել: Պետական գաղտնիքն էլ այն է, որ Թուրքիան զինում էր, զինում է եւ շարունակելու է զինել ահաբեկիչներին, որոնք գնդակահարում են խաղաղ բնակչությանը, ցեղասպանություն սարքում Քեսաբում: Թուրքիայի վերջին ընտրությունների ժամանակ տասնյակ մարդիկ զոհվեցին, բայց Թուրքիային գնահատական չեն տալիս, մի բան էլ առանց արտոնագրերի մուտքի ռեժիմ են տրամադրում, եւ հենց այս պահին. 20 տարի այդ հարցը օրակարգում էր՝ չէին տալիս, հիմա, երբ թուրքերը լկտիաբար կեղծում են ընտրությունները, հովանավորում են ահաբեկիչների եւ ճնշում լրագրոներին, տալիս են:

Մյուս կողմից, ԵԽԽՎ-ին այսօր ընդհանրապես բանի տեղ դնող չկա: ԵԽԽՎ-ն Ադրբեջանի վերաբերյալ կիսատ-պռատ մի զեկույց ընդունեց, որտեղ ՙմեղմորեն՚ քննադատում էր մարդու իրավունքների խախտումները, դրանից հետո ԱՄՆ դեսպանը հայտարարեց, թե Ադրբեջանը մեր ՙընկերն՚ է՝ լավ բարեկամը, եվրոպական բոլոր կառույցները ՙպաչ-պռոշտի՚ արեցին եւ շարունակում են համագործակցել Ադրբեջանի հետ: ԵԽԽՎ-ն պետք է մտածի իր հեղինակության մասին, ոչ թե անուն դնի մեր հանրաքվեին:


- Հայաստանում ԱՄՆ դեսպանի գնահատականն էլ բավական կոշտ էր, ըստ նրա, իշխանությունը խնդիր ունի ժողովրդին համոզելու, որ հանրաքվեի արդյունքներն արժանահավատ են, այսինքն՝չեն կեղծվել:


- ԱՄՆ դեսպանն ավելի լավ է մտածի իր երկրի մասին, որտեղ նախագահի թեկնածուներից մեկը հայտարարում է, թե պետք է արգելել մահմեդականների մուտքը երկիր: Ստալինը նման բան ասած լիներ, պատկերացնո՞ւմ եք, ինչ աղմուկ կբարձրանար: Դեսպան է, թող զբաղվի դիվանագիտությամբ, ոչ թե քիթը խոթի մեր երկրի ներքին գործերի մեջ: Պարոն Միլսը խիստ մտահոգված էր նաեւ ահաբեկիչների բանդայի վնասազերծմամբ եւ դրա վերաբերյալ էլ արտահայտվեց. փոխանակ գնար, փորձի փոխանակում աներ ԱԱԾ-ի հետ, հետաքրքրվեր, ինչպես հաջողվեց հանրաքվեից առաջ վնասազերծել հանցավոր խմբի անդամներին, որ Կալիֆոնիայում նման սարսափելի հանցագործություններ չլինեն, ասաց, մենք ուշադրությամբ կհետեւենք նախաքննության ընթացքին: Արեւմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող ՙիրավապաշտպաններն՚ էլ շտապեցին իրենց հովանավորության տակ առնել ահաբեկիչներին, դարձան նրանց անկոչ փաստաբանները՝ ասելով, որ նրանք հայրենասերներ են, նվիրյալներ…


- Հանրաքվեին ամենախիստ գնահատականը տվել է ՙՔաղաքացի դիտորդ՚ կազմակերպությունը, որի՝ 18 տարբեր ՀԿ-ներից հավաքագրված  700 դիտորդները, 500 տեղամասերում հետեւելով քվեարկության ընթացքին, եկել են այն եզրահանգման, որ հանրաքվեն ամբողջությամբ կեղծված է եւ չի արտահայտում ժողովրդի կամքը:


- Այդ 18 կազմակերպություններից մեկը ՙԹրանսփերընսի ինթերնեյշնլ՚-ի հայաստանյան մասնաճուղն է, որը քարոզարշավի ժամանակ զբաղվում էր ՙոչ՚-ի քարոզչությամբ՝ չունենալով դրա իրավունքը, որովհետեւ դիտորդը պետք է չեզոք լինի, ոչ թե պաշտպանի կողմերից մեկին: Սա՝ մեկ: Երկրորդ, թող ցույց տան իրենց ֆինանսավորման աղբյուրները, հասկանանք՝ որտեղի՞ց են ֆինանսավորվում, հետո խոսենք նրանց ՙանաչառության՚ մասին: Երրորդ, եթե արտասահմանյան փողերով կարողացել են 700 մարդ վարձատրել, տանել, նստեցնել տեղամասերում, ուղիղ եթերներ կազմակերպել, էս անել, էն անել, եւ արդյունքում փաստեր չունեն, ուրեմն, թող իրենց պահեն այդ մտավարժանքները, իրար պատմեն, միասին ՙվայ-վույ՚ անեն: Էլի եմ ասում, ինձ հետաքրքրում են միայն փաստերը, եթե ունեն փաստեր, որ 400 հազար քվե կեղծվել է, թող ներկայացնեն: Մենք էլ ենք շահագրգռված, որ իրավախախտները, որոնք պղտորում են մթնոլորտը, ստվեր նետում հանրաքվեի վրա, բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Մնացածը՝ մերկապարանոց պնդումները, անհիմն դատողությունները, գուցե-ները, եթե-ները, ոչինչ չարժեն:

Ավելին, ինձ հետաքրքրում  է՝ նույն ՙԹրանսփերընսի ինթերնեյշնըլ՚ կազմակերպությունն իրավունք ունի՞ Հայաստանում ՙՈչ՚-ի թռուցիկներ տպագրել եւ բաժանել ընտրողներին, ֆինանսավորել ՙոչ՚-ի քարոզչությամբ զբաղվող անհատներին եւ կառույցներին: Կարծում եմ՝ սրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ` 104.1 ՌԱԴԻՈԿԱՅԱՆՈՎ

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ. ՀԱՅԿ

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

- Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին Արցախի Հայաստանին վերամիավորման 25-րդ տարեդարձի առթիվ։

25 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի ինտեգրացման գործընթացները։

1990 թվականի մայիսին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում։ Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն։

Հետագայում ԼՂՀ-ի ձեւավորումը որեւէ կերպ չի հակասում վերամիավորման որոշմանը եւ դրա գաղափարախոսությանը։ ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից պետք է դիտվի որպես բանակցությունների արդյունքում հայկական կողմի փոխզիջում եւ ոչ թե վերջնական նպատակ։ Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում։

Ինչ վերաբերում է քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ՝ նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի անդամակցելու պահին՝ 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ սկսած 89 թվականի դեկտեմբերի 1-ից։

Ելնելով վերոհիշյալից, ՍԻՄ կուսակցությունը, որը «Հանրապետական» կուսակցության եւ այլ ազգային ուժերի հետ միասին կանգնած էր վերամիավորման որոշման ակունքներում, անհրաժեշտ է համարում դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։

Ս.թ. դեկտեմբերի 5-ին Ֆիլհարմոնիայի փոքր Առնո Բաբաջանյան դահլիճում, ժ.15-ին տեղի կունենա  վերամիավորման 25-ամյակին նվիրված գիտամշակութային հանդիսություն, սիրով հրավիրում եմ ձեզ: Շնորհակալություն։

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթը՝ 02.12.2014թ.

 

ՙՆՄԱՆ ԱՆՁԻՆՔ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ՚

ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հայտարարությունն ԱԺ-ում (10.06.2014թ.)
Անցած շաբաթ, Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը: Իմ կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, մասնավորապես, որ ավելի քան քսան տարիների ընթացքում  Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը ծանր ազդեցություն է թողել մեր երկրի տնտեսական զարգացման վրա: Նշել եմ նաեւ, որ Հայաստանը աջակցում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, լինի դա Արցախում, Ղրիմում, թե այլուր: Ազգերի ինքնորոշման իրավունքը լինելով ժողովրդավարության ամենաառաջնային սկզբունքը, չպետք է ենթարկվի կրկնակի ստանդարտների, օրինակ Արեւմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը եւ Արցախի կամ Ղրիմի ինքնորոշման հանրաքվեների արդյունքների անտեսումը: Նշեցի նաեւ, որ մեզ տխրեցրեց Նազարբաեւի կողմից Ադրբեջանի նամակի ընթերցումը:
Ի պատասխան իմ հարցադրումների` հայ-ռուսական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ անհասկանալի է, թե որ հիմքով է Ադրբեջանը հանդես գալիս Եվրասիական միության աշխատանքի վերաբերյալ առաջարկություններով, երբ նա չի հանդիսանում  Մաքսային միության անդամ, ոչ էլ հայտ է ներկայացրել դրան անդամագրվելու համար: Ռիժկովը նաեւ նշեց, որ պետք չէ գերագնահատել Ալիեւի նամակը, քանի որ այդպիսի նամակով կարող էր դիմել նաեւ Նիկարագուան: Այլ բան է, եթե Նազարբաեւը հայտներ իր կարծիքը, այդ դեպքում իհարկե խնդիրը լուրջ ուշադրություն կպահանջեր: Պետք է նշենք, որ ե°ւ Ռուսաստանի, ե°ւ Մաքսային միության մյուս անդամ երկրների նախագահները ամբողջությամբ եւ առանց նախապայմանների աջակցում են Հայաստանի անդամագրմանը Եվրասիական միության մեջ:
Այսօր որոշ քաղաքական սպեկուլյանտներ փորձում են Ալիեւի նամակի միջադեպից քաղել քաղաքական դիվիդենտներ եւ կատարելով իրենց արեւմտյան հովանավորների կամքը, ուռճացնելով միջադեպը` հանգեցնել այն անգամ հայ-ռուսական հարաբերությունների կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության խնդրին:
Պետք է հայտարարեմ, որ նման անձինք ջուր են լցնում հենց Ալիեւի նպատակների ջրաղացին, քանի որ եթե Ադրբեջանը այդքան անհանգստացած է Մաքսային միությանը Հայաստանի անդամագրությամբ, նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Ավելին, եթե Եվրասիական միությունում կլինի երկիր, որը կզբաղվի թուրք-ադրբեջանական շահերի լոբբինգով, ապա առավել եւս Հայաստանը պետք է օր առաջ անդամագրվի Եվրասիական միությանը` այդ լոբբինգը չեզոքացնելու եւ մեր երկրի շահերը այնտեղ լավագույնս ներկայացնելու համար: Այսպիսով, ալիեւյան նամակի աննշան միջադեպը եւս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, որ Հայաստանի անդամագրությունը Եվրասիական միության մեջ, հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելը միակ ճիշտ ճանապարհն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ինքնիշխանության ամրապնդման եւ ազգային զարթոնքի համար: Իսկ Նազարբաեւի ելույթից խիստ անհանգստացածներին խորհուրդ կտայի հանգստանալ եւ հիշել, որ մեր թշնամին ոչ թե Նազարբաեւն է, այլ Ադրբեջանը, իսկ դաշնակիցը ոչ թե արեւմտյան գրանտներ բաժանող կազմակերպություններն են, այլ` Ռուսաստանը:

 

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՂՐԻՄԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ուկրաինայում Արեւմուտքի կոպիտ միջամտությամբ տեղի է ունենում միջազգային գործող նորմերի, ժողովրդավարական արժեքների վերջնական ոչնչացում, ինչպես նաեւ համաշխարհային նոր կարգերի ձեւավորման եւ արժեքների վերագնահատման գործընթաց: Ըստ էության, ներկայումս վերականգնվում է երկբեւեռ աշխարհ: Միաբեւեռ աշխարհը, որը ներկայացված էր Միացյալ Նահանգներով եւ նրա կրտսեր եղբայր Եվրոպական միությունով, կարծես թե դադարում է միանձնյա կառավարել աշխարհը: Եթե մինչ այդ, ԱՄՆ-ն, շրջանցելով ՄԱԿ-ը, կարողանում էր աշխարհում լուծել ցանկացած խնդիր, օրինակ` զորք մտցնել Իրաք, Լիբիա, սադրել քաղաքացիական պատերազմ Սիրիայում, փոխել ղեկավարությունը Եգիպտոսում կամ մասնատել Հարավսլավիան` 78 օր ռմբակոծելով Բելգրադը եւ այլն, ապա այսուհետ նրանք պիտի հասկանան, որ աշխարհի ժողովուրդները այլեւս թույլ չեն տա աշխարհը վերածել սեփական բոստանի եւ ժողովուրդների ճակատագրերի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում են Վաշինգտոնում, Լոնդոնում կամ նյույորքյան բանկերում:


Աշխարհում ձեւավորվում է երկու բեւեռ, մեկը` հակաժողովրդավարական, տոտալիտար, հակամարդկային եւ հակաքրիստոնեական ուժերն են: Դրան հակառակ, ուժ է առնում իրական ժողովրդավարության, մարդասիրության, եւ ազատության սկզբունքների ու քրիստոնեական արժեքների պահապան բեւեռը: Ջրբաժանն անցնում է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի նկատմամբ վերաբերմունքով: Տոտալիտար ուժերը պնդում են, որ ինքնորոշվող ժողովուրդը պետք է ստանա իր գաղութատիրոջ թույլտվությունը` ազատ ապրելու համար: Այսինքն, ըստ նրանց, ազատության հանրաքվեն պետք է անցկացվի ոչ թե ինքնորոշվող ազգի տարածքում, այլ այն ամբողջ պետությունում, որից ցանկանում է ազատվել ինքնորոշվող ազգը: Սա ֆեոդալական, ավելին` ստրկատիրական մտածելակերպ է: Ցավով արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական նման մտածելակերպի հետեւորդներն են դառնում երկակի ստանդարտներով առաջնորդվող որոշ արեւմտյան երկրներ, միջազգային կազմակերպություններ եւ պաշտոնյաներ:
Այս տեսանկյունից շատ կարեւոր է Ղրիմի ինքնորոշման հարցը. ակնհայտ է, որ Ղրիմի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, ինչպես նաեւ հայերս` Լեռնային Ղարաբաղի հարցում: Հարկ է նկատել, որ 1990-ականներից հետո ինքնորոշվել են մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում Սերբիայի մաս կազմող Կոսովոն, որը վայելում է Արեւմուտքի հովանավորությունը: ՍԻՄ կուսակցությունը դրական է գնահատում այն փաստը, երբ Ղրիմի ժողովուրդը ցանկություն է հայտնել անցկացնել հանրաքվե` ժողովրդավարական նորմերի եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան եւ ոչ թե տրվել է սադրանքների, որոնք կարող էին բերել քաղաքացիական կամ ազգամիջյան բախումների, բռնությունների ու արյունահեղության: Մենք չենք կարող ընկալել այն հիստերիան, որն առաջացել է որոշ մարդկանց մոտ` Կիեւում կամ Արեւմուտքում: Եթե տվյալ անձինք գոնե որոշ չափով տեղեկացված լինեին միջազգային իրավունքից, ապա պետք է հասկանային, որ ոչ ոք իրավունք չունի շրջափակումով, ուժով, զենքով, ցեղասպանության սպառնալիքով ստիպել մի ամբողջ ժողովրդի ինչ-որ քայլեր կատարել կամ հրաժարվել ինքնորոշման իրավունքից: Մենք դատապարտում ենք այն բոլոր ճնշումները եւ սպառնալիքները, որոնք ուղղված են Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման դեմ:


Ղրիմը, ինչպես եւ Արցախը, ունի հազարավոր տարիների պատմություն, որի ընթացքում Ղրիմը ինչպես եւ Արցախը համաշխարհային քարտեզի վրա ունեցել են առանձնահատուկ կարգավիճակ: Եկել է մի ժամանակ, երբ Ղրիմի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որ երկրի հետ է ցանկանում ապրել: Պետք չէ մոռանալ, որ ԽՍՀՄ օրոք ում կողմից եւ ինչ պայմաններում 60 տարի առաջ Ղրիմը հանձնվեց Ուկրաինային կամ Արցախը` Ադրբեջանին: Համաշխարհային հանրության պարտականությունն է ապահովել մարդկանց ինքնորոշման իրավունքի իրացումը, հանրաքվեն պետք է լինի ազնիվ եւ արդար, առանց ճնշումների: Ինչ վերաբերում է Արցախին, ապա այն իր ազատության հանրաքվեն անցկացրել է:


Մենք եւս չենք կարող անտարբեր վերաբերվել այն փաստին, որ մեր պապերի արյունով ֆաշիզմից, նացիզմից ազատագրված Ուկրաինայում այսօր կան նացիստական, օլիգարխիկ եւ ռեւանշիստական ուժեր, որոնք փորձում են բռնի ուժով տիրանալ այդ երկրին: Մենք ականատես եղանք, որ Ուկրաինայում իշխանությունը բռնազավթեցին ուժեր, որոնք զանգվածաբար ոտնահարում են ժողովրդավարության սկզբունքները, փակվում են այլակարծիք ԶԼՄ-ները, տարբեր կուսակցական գրասենյակներ են այրվում, զենքի սպառնալիքով պաշտոնյաներ են հեռացվում աշխատանքից, փակվում են ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, կան քաղբանտարկյալներ:


Ուկրաինայի հասարակ քաղաքացին ցանկանում է արարել, աշխատել, ունենալ ընտանեկան երջանկություն եւ ապրել խաղաղ կյանքով, սակայն վերջին իրադարձությունները տանում են հակառակ ուղղությամբ, քանի որ երկիրը մխրճվել է ոչ միայն քաղաքական, գրեթե ռազմական, այլ նաեւ տնտեսական ճգնաժամի մեջ: Սա Արեւմուտքի պատժամիջոցն էր ուկրաինացիների դեմ, այն ինքնիշխան քայլի համար, որ Ուկրաինան որոշեց գնալ Մաքսային միություն, այլ ոչ թե դառնալ ՆԱՏՕ-ի սպասարկողը ու Եվրամիության ասոցացված ճորտը:


ՍԻՄ կուսակցությունը կոչ է անում ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերին, առաջին հերթին` Կիեւի դե-ֆակտո իշխանություններին, հրաժարվել ուժի սպառնալիքից, հակաժողովրդավարական գործընթացներից: Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները պետք է վերադառնան բանակցությունների սեղանին, որտեղ պետք է ներկայացված լինեն բոլոր մարզերի եւ կուսակցությունների ընտրյալները: Մենք կոչ ենք անում մեր բարեկամ ժողովրդին` վերականգնել խաղաղությունը, վերագտնել միմյանց հետ բանակցության գործընթացը:

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ընթերցվել է (մասնակիորեն) Ազգային ժողովի 2014 թ. մարտի 11-ի նիստում:

 

ՍԻՄ կուսակցության նախագահության հայտարարությունը

"Շանթ" հեռուստաընկերության կիրակնօրյա "Հորիզոն" դեկտեմբերի 1-ի հաղորդման ընթացքում տրվեց ռեպորտաժ, որն ուղղված էր ՍԻՄ կուսակցության, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, "Իրավունք" թերթի, "Իրավունքի" խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ: <Շանթ> հեռուստաընկերությունը խախտել է ՀՀ Սահմանադրությունը եւ հեռուստատեսության ոլորտի օրենսդրոթյունը, ինչպես նաեւ իրեն տրված լիցենզիայի պայմանները:

Հանդես գալով մի շարք մեղադրանքներով ու կոչերով ՚Շանթՙ  հեռուստատեսությունը ապօրինաբար ստանձնել է դատական, իրավապահ կամ իրավապաշտպան մարմնի գործառույթներ, զուգահեռաբար հանդես գալով, ոչ թե որպես անաչառ եւ բազմակողմանի լրատվություն մատուցող, այլ որպես կոնկրետ քաղաքական միակողմանի դիրքորոշում արտահայտող, դրանով իսկ չարաշահելով հեռուստահաղորդումը:
Այսպիսով, "Շանթ" հեռուստաընկերությունը ավելի քան 14 րոպե տեւած ռեպորտաժով եւ դրա ազդարարը բազմիցս ցւցադրելով, նպատակ է ունեցել.
ա. վիրավորանքի ու զրպարտանքի միջոցով վնաս հասցնել "Սահմանադրական Իրավունք Միությանը" եւ նրա նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, "Իրավունք" թերթին, նրա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին:
բ. Վիրավորանքի, զրպարտանքի ու սպառնալիքի միջոցով ստիպել
ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանին, "Իրավունքին", ինչպես նաեւ նրա լրագրողներին, հրաժարվել իրենց կարծիքից կամ փոխել այն:
գ. Հայտնի քաղաքական գործիչ, կուսակցության նախագահ եւ ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանի հասարակական, քաղաքական կամ անձնական գործունեությունից դժգոհ քաղաքացիներին խթանելով ` նախաձեռնել Հ. Բաբուխանյանի դեմ վարկաբեկող նյութերի հավաքագրումը եւ վերջինիս հետապնդումը:
ՍԻՄ կուսակցությունը խստիվ դատապարտում է <Շանթ > հեռուստատեսության վերոհիշյալ անօրինական կեցվածքը, որը ոչ այլ ինչ է քան քաղաքական հաշվեհարդարի փորձ, որը պայմանաորված է ՍԻՄ-ի, նրա նախագահի,"Իրավունք" թերթի քաղաքական դիրքորոշմամբ աշխարհաքաղաքական եւ ազգայան ավանդական արժեհամակարգը պահպանելու հարցերում :
Հետեւաբար ՍԻՄ կուսակցությունը  միջոցներ պետք է ձեռնարկի, որպեսզի պաշտպանի Հայաստանում մամուլի, մտքի, կարծիք արտահայտելու իրավունքը, իսկ վերոհիշյալ արարքի համար "Շանթ" հեռուստաընկերությունը կրի օրենքով նախատեսված  պատասխանատվությունը.
ա. Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի կողմից պետք է ենթարկվի պատասխանատվության` հաղորդումը չարաշահելու համար, ընդհուպ մինչեւ համապատասխան ընթացակարգով լիցենզիայից զրկելը:
բ. Դատարանի կողմից պետք է ենթարկվի պատասխանատվության` վիրավորանքի եւ զրպարտանքի համար:
գ. Իրավապահ մարմինների կողմից պետք է ենթարկվի պատասխանատվության` սուտ մատնության եւ անձի հետապնդման համար:




06 դեկտեմբերի 2013թ.

 

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակների` ՀՀ ներքին գործերին կոպիտ եւ հակաօրինական միջամտության կապակցությամբ

2013թ նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակները   տարածել են հայտարարություն, որով սատարում են ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության համար կտրականապես մերժելի, հակաբնական եւ հայերի ու Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ազգային ինքնության հետ անհամատեղելի այպես կոչված, գենդերային չափանիշների ներդրումը իրավակիրառական պրակտիկայում: Ավելին, նրանք կոչ են անում  իրավապահ մարմիններին «ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու եւ պատասխանատվության ենթարկելու գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները»: Այսինքն` կարելի է ենթադրել, որ գոյություն ունեն ինչ-որ իրական սպառնալիքներ, որոնք դուրս են մնում ոստիկանության ուշադրությունից: Իրականում ոչ մի նման դեպք գոյութուն չունի, իսկ հորինված «սպառնալիքների» մասին հեքիաթը առաջ է մղվում, որպեսզի դրա շղարշի տակ լռեցվի ցանկացած այլակարծություն «գենդերային» քաղաքականության եւ դրա անվան տակ տարածվող այլասերվածության, սեռական սանձարձակության, հայ ընտանիքի եւ հայ ավանդույթի դեմ գործողությունների եւ այլ հակահասարակական դրսեւորումների նկատմամբ:  Ըստ էության, վերոհիշյալ հայտարարությունը գալիս է ոտնահարելու ՀՀ քաղաքացիների եւ նրանց միավորումների, ԶԼՄ-ների` այդ կոնտինգենտի նկատմամբ բացասական կամ քննադատական  կարծիք արտահայտելու անօտարելի իրավունքը: Մինչդեռ խոսքի եւ կարծիքի ազատությունն ամրագրված են ՀՀ սահմանադրությունում, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ՀՀ-ի կողմից վավերացված մի շարք այլ միջազգային փաստաթղթերում, արգելված է խոչընդոտել կարծիքի արտահայտմանը, հարկադրել փոխել կարծիքը կամ հրաժարվել սեփական կարծիքից եւ համոզմունքներից: Բացի այդ, նրանց հայտարարության մեջ պարունակվող «Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման եւ կայուն զարգացման անկյունաքարը» պնդումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանզի Սահմանադրությունը չի պարունակում  «գենդերային» օտար տերմինաբանությամբ նկարագրված որեւէ նորմ, հետեւաբար դա ՀՀ ինքնիշխանության կոպիտ ոտնահարմամբ բիրտ ազդեցության փորձ է՝ մեր կառավարման համակարգի, ազգային կեցվածքի ու քաղաքական ընտրության վրա:

Փաստացի,  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակները, կոպտորեն ոտնահարելով ՀՀ ինքնիշխանությունը, պահանջում են մեր իրավապահ մարմիններից զանգվածաբար ոտնահարել ՀՀ սահմանադրության նորմերը` հետապնդել մարդկանց արտահայտված կարծիքի համար եւ արտոնյալ դաշտ ստեղծել մեր հասարակության կողմից մերժելի վարք դրսեւորող  անձանց եւ կազմակերպությունների համար: Ըստ էության, ինչ որ անհայտ «սպառնալիքների» վերաբերյալ ստահոդ հայտարարությունները, ոչ այլ ինչ են քան այլասերման ազգակործան ծրագիրը իրականացնողների կողմից շանտաժ, այդ ամենին հակազդողների նկատմամբ: Գենդերային տոտալիտարիզմի, կամ գենդերային դիկտատուրայի փորձերը ամբողջությամբ մերժելի են հայ հասարակության համար, քանի որ 23 տարի առաջ հռչակելով իր անկախությունը Հայաստանը վստահորեն հայտարարել է իր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին եւ մերժել է ցանկացած բնույթի տոտալիտարիզմը եւ որեւէ գաղափարախոսության դիկտատուրան: Բացի այդ, հայ հասարակությունը իր ճնշող մեծամասնությամբ լինելով հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ, ունի իր հստակ պատկերացումը կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունների, ընտանիքի, սեռական վարքագծի էթիկայի վերաբերյալ, որոնք համապատասխանում են քրիստոնեական բարոյականությանը:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը խստիվ դատապարտում է վերը հիշատակված դիվանագիտական հաստատությունների եւ գրասենյակների այդ քայլը, այն դիտարկում է անթույլատրելի եւ դիվանագիտական էթիկայի նորմերի հետ բացարձակ անհամատեղելի:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը պահանջում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես բացատրել վերը հիշատակված կառույցների ղեկավարներին նրանց քայլի ապօրինությունն ու անթույլատրելիությունը:

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ Ոստիկանությունից եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պաշտոնապես բացատրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Եվրամիության պատվիրակության, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակների ղեկավարներին իրենց այս միջամտության եւ պահանջի ապօրինությունը եւ տեղյակ պահել, թե օրենքով սահմանված կարգով ինչպիսի պատասխանատվություն է նախատեսված սահմանադրության նորմերի զանգվածային ոտնահարման կոչերի համար:

01.12.2013

 

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցությունը, հավատարիմ մնալով ազգային շահի գերակայությանը, իր գործունեության կիզակետում ունենալով ազգային արժեհամակարգը, կարեւորելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, նպատակ ունենալով ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքի պաշտպանությունը եւ լիակատար իրավունքը, ի սկզբանե բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վարած ազգանվեր, պետականաստեղծ քաղաքականությունը եւ հայապահպան ծրագրերի իրագործումը,
կարեւորելով սկսված բարեփոխումների հրատապությունը եւ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի դրանց ` արդեն տեսանելի ձեռքբերումները անխափան ու հաստատակամորեն առաջ տանելու երկրի նախագահի վճռականությունը, հաշվի առնելով կուսակցության անդամների, ինչպես նաեւ համակիրների հոծ բանակի ցանկությունը.

Հայտարարում է
Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին աջակցելու մասին: Միաժամանակ հորդորում է երկրի բնակչությանը ` ազգի շահը գերակա համարելով` գնալ ընտրության եւ, ձայնը տալով գործող նախագահի օգտին, մասնակցել դեպի Ապահով Հայրենիք տանող Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը եւ սկսած գործընթացին:

 

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ-ում 04.12.2012թ.

Հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ. Շնորհավորում եմ ձեզ եւ ամբողջ հայ ժողովորդին վերամիավորված Հայաստանի 23-րդ տարեդարձի արթիվ:

23 տարի առաջ, 1989թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ագային խորհուրդը, համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը: Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի ինտեգացման գործընթացները: 1990թ. մայիսին ՀԽՍՀ գերագույն խորհրդի ընտրությունները անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված վեց ընտրատարածքներում: Այնուհետեւ, չնայած ՀՀՇ-ի կատաղի դիմադրությանը, դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը ամրագրվեց Հայաստանի Անկախության մասին հռչակագրում:

Վերամիավորման որշումը ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալ-տնտեսական նշանակություն, նպաստեց ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն:

Հետագայում, ԼՂՀ-ի ձեւավորումը, որեւէ կերպ չի հակասում վերամիավորման որոշամը եւ դրա գաղափարախսությանը: ՀՀ-ի անքակելի մաս հանդիսացող Արցախի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից, պետք է դիտվի որպես բանակցությունների արդյունքում հայկական կողմի փոխզիջում եւ ոչ թե վերջական նպատակ:

Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել Արցախյան շարժման հիմքում, պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում:

Ինչ վերաբերվում  քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններին, ապա այստեղ նույնպես վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ նշելով, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէր ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ի կազմում անդամակցելու պահին՝ 1922թ., այլ նաեւ ԽՍՀՄ-ի վեջին տարինեին՝ սկսած 1989թ. դեկտեմբերի մեկից:

Ելնելով վերոհիշյալից, ՍԻՄ կուսակցությունը,  որը Հանրապետական կուսակցության եւ այլ ազգային ուժերի հետ միասին, կանգնած էր վերամիավորման որոշման ակունքներում, անհրաժեշտ է համարում դեկտեմբերի 1-ը հռչակել, որպես վերամիավորման տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՙտոների եւ հիշատակի օրերի մասին՚ ՀՀ օրենքում:

 

ԿԱՍԵՑՆԵ°Լ ԳՐՈՀՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ
ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ (23.10.2012թ.)

 

Վերջին շրջանում, տարբեր ապազգային ու հակաժողովրդավարական ուժեր ակտիվացրել են իրենց քայքայիչ գործունեությունը մեր երկրում` ազգային արժեհամակարգը եւ ժողովրդավարության հիմնադրույթները խարխլելու նպատակով: Այդ հարվածների թիրախներն են մեր ազգային ինքնության հիմնասյուներ հանդիսացող Հայ առաքելական սուրբ եկեղեցին, հայ ավանդական ընտանիքը, հասարակական բարոյականությունը, ինչպես նաեւ հարվածներ են ուղղվում այնպիսի հիմնարար ժողովրդավարական արժեքներին, ինչպիսիք են խոսքի, մամուլի ու կարծիք արտահայտելու ազատություններն ու իրավունքները: Նմանօրինակ կազմակերպությունները փորձում են լռեցնել իրենց վտանգավոր գործունեության հանդեպ ցանկացած քննադական խոսք, ահաբեկել ցանկացած քննադատողի: Այս ուղղությամբ գրոհի անցած որոշ կրոնական աղանդները (օրինակ` ՙԿյանքի խոսք՚ տոտալիտար աղանդը), հասարակական կազմակերպությունները (օրինակ` ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ-ն), որոշ ԶԼՄ-ներն ու այլ գրանտակեր ու գրանտածիծ օղակները ստանում են անթաքույց աջակցություն արտասահմանյան հայտնի կառույցներից: Պետք է ցավով արձանագրել, որ վերջին շրջանում, արեւմտյան մի շարք կառույցներ ոչ միայն աջակցում են վերոհիշյալ հակահասարակական գործունեությանը, այլեւ անմիջապես են ծավալում նման գործունեություն: Դրա վառ օրինակն է վերջերս եվրոպական կառույցների կողմից կատարված փորձը Պատանի հանդիատեսի թատրոնում միասեռականությունը քարոզող ֆիլմ ցուցադրելու վերաբերյալ:
Ահռելի չափերի է հասել հոգեորսությունը, որը ոչ այլ ինչ է, քան կրոնական մեծամասնության խղճի ազատության իրավունքի ոտնահարում: Վերջերս երաժշտական քոլեջներից մեկում ուսանողներին պարզապես ստիպել են ունկնդրել ՙԿյանքի խոսքի՚ քարոզը: Նույն աղանդը, ապօրինաբար իրականացնում է հանրակրթական ու առողջապահական գործունեություն:
ՍԻՄ կուսակցությունը, խստիվ դատապարտելով որոշ կրոնական ու հասարակական կազմակերպությունների հակահասարակական գործունեությունը, կոչ է անում նաեւ արտասահմանյան կառույցներին ձեռնպահ մնալ մեր ազգային արժեհամակարգի  դեմ ուղղված գործողությունները հովանավորելուց եւ իրականացնելուց: Եվրոպական երկրներին կոչ ենք անում մեզ մոտ ներկայացնել եվրոպական դասական հարուստ մշակույթը, եւ ոչ թե քարոզել հակաքրիստոնեական ՙարժեքներ՚: Միաժամանակ ՍԻՄ կուսակցությունը ակնկալում է մեր երկրի գործադիր մարմիններից, առաջին հերթին` Ազգային անվտանգության ծառայությունից, Կրթության, Առողջապահության, Մշակույթի նախարարություններից կասեցնել այնպիսի գործողությունները, որոնք վտանգում են հասարակական անվտանգությունը, առողջությունը, բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները: Դիմում ենք նաեւ պետական լիազոր մարմիններին` ուսումնասիրել նման կազմակերպությունների գործունեությունը իրենց գրանցված կանոնադրություններին համապատասխանության տեսակետից եւ առաջարկում ենք դադարեցնել նրանց պետական գրանցումը: